Քաղաքապետի երդմնակալության նիստը չի կարող համարվել իրավազոր․ Մանուկ Սուքիասյան

14 Նոյեմբերի 2023, 12:05

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը։ Այս մասին Alpha News-ը խոսել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։

«Խմբակցության անդամներից Սամվել Հակոբյանն է հայցով մտել դատարան։ Մեր հայցի հիմքը կայանում է նրանում, որ Երևանի քաղաքապետի երդմնակալությունը պետք է տեղի ունենար ավագանու հատուկ նիստի ընթացքում։ Բայց հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստը չի ունեցել քվորում, իսկ առանց քվորումի նիստը չի կարող համարվել կայացած։ Նիստը քվորում չի ունեցել, հետևաբար երդմնակալությունը իրավական տեսանկյունից թերի է։ Ըստ այդմ՝ նա իր պաշտոնը չի ստանձնել ըստ օրենքի, կամ եթե ստանձնել է, ապա ստանձնել է օրենքի խախտումով։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի և հատկապես քաղաքապետի հետ կապված յուրաքանչյուր գործընթաց իրականացնելիս լինել հնարավորինս հաշվենկատ և նկատի ունենալ, որ հետագայում քաղաքապետի ընդունած յուրաքանչյուր որոշում կարող է համարվել ոչ օրինական»,- ասել է Սուքիասյանը։

Հարցին, թե խմբակցության անդամները մինչ դատարանի որոշումը չե՞ն մասնակցելու ավագանու նիստերին, նա նշել է, որ նման որոշում չունեն։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններից զատ պետք էր, որ ավագանու այլ անդամներ ևս մասնակցեին ընտրությանը, բայց 33 ավագանու անդամ ներկա չի եղել նիստին։ Հետևաբար քաղաքապետի երդմնակալության նիստը չի կարող համարվել իրավազոր։ Հայցը արդեն իսկ մուտք ենք արել, բայց վարույթի վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ։

Ավագանու նիստերին չմասնակցելու որոշում չունենք։ Փոխարենը կարող եմ ասել, որ վաղվանից ձեռնամուխ ենք լինելու հանդիպել Երևանի վարչական շրջանների բնակիչների հետ և իրազեկել հնարավոր հետևանքների մասին»,- եզրափակել է Սուքիասյանը։

Հիմա եթերում