Քայլարշավ՝ նվիրված կենսաբազմազանության միջազգային օրվան

23 Մայիսի 2023, 17:25

Կրթություն

Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 22-ին՝ կենսաբազմազանության օրը նշանավորել է յուրահատուկ քայլարշավով, որի ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Սևան» ազգային պարկի, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Բնության պետական թանգարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ քայլարշավ են իրականացրել «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցի տարածքում հատուկ երթուղիով, որն հետագայում մշակվելու և հանրությանն է ներկայացվելու որպես էկոզբոսաշրջային երթուղի։

Կենսաբազմազանության միջազգային օրը հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ուշադրություն հրավիրելու կենդանի օրգանիզմների եզակի հարստության և ապագա սերունդների համար դրանց պահպանման կարևորության վրա:
Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք կարևոր նպատակներ ինչպիսիք են՝ կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:

Քայլարշավի մասնակիցները ծանոթացել են Արտանիշի արգելոցի տարածքի յուրահատուկ կենսաբազմազանությանը և բնական լանդշաֆտին, դիտարկել հետագա երթուղու հնարավորությունները։ Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:
Շնորհավորելով գործընկերներին մասնագիտական օրվա առթիվ, նախարար Հակոբ Սիմիդյանը կենսաբազմազաության ամբողջականության պահպանումը համեմատել է մարդու առողջության պահպանման հետ։

«Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Կենսաբազմազանության պաշտպանությունը պետք չէ դիտարկել որպես տնտեսական զարգացման անտեղի խոչընդոտ։ Այն մեր հասարակությունների և ապագա սերունդների կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից է»,-նշել է նախարարը։