Քենեդին հստակ ասել է՝ հայության, Հայաստանի ու Արցախի ժողովրդի հետ է․ Մայք Սարյան

20 Սեպտեմբերի 2024, 23:45

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդին լավ դիրքոշում ունի հայերի, սփյուռքահայերի նկատմամբ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է գործարար, ազգային-հասարակական գործիչ Մայք Սարյանը։

«Քենեդիի ընտանիքը մոտ 75 տարվա ընթացքում միշտ էլ դեմոկրատ է եղել: Ես իր հետ հանդիպել եմ վաղուց, բավականին երկար խոսել ենք, զրուցել տարբեր թեմաներից՝ ամերիկյան քաղաքականության, տնտեսության, հայության մասին: Քենեդին լավ դիրքոշում ունի հայերի, սփյուռքահայերի նկատմամբ:

Այդ ժամանակ լավ հարաբերություններ հաստատեցինք Քենեդիի հետ, նա շատ ուշիմ ու խելացի մարդ է: Նա հայության համար կարող է օգտակար լինել»,- ասել է Մայք Սարյանը։

Նա միաժամանակ նշել է, որ դեմոկրատները թեպետ հայտարարում են՝ հայերի կողքին են, բայց ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չեն կատարում։

«Դեմոկրատները միշտ ասում են, որ հայերի կողքին են, բայց ես դա չեմ տեսել: Ինձ համար ոչ այնքան կարևոր է, թե ով կլինի նախագահ, այլ այն, թե ով կլինի Հայաստանի ու հայերի կողքին:

Իմ մտահոգությունն է՝ ով լինի նախագահ, պիտի կարողանա օգտակար լինել Հայաստանին: Քենեդիին հրավիրել եմ մեր եկեղեցի, 200 հոգի ներկա էր այդ հանդիպմանը, նա հստակ ասաց՝ հայության, Հայաստանի ու Արցախի ժողովրդի հետ է: Քենեդին մտերիմ է թե Թրամփի, թե Քամալա Հարիսի հետ: Նրա ներկայությունը կարող է որոշիչ լինել երկուսի ընտրվելու դեպքում էլ»,- եզրափակել է Մայք Սարյանը։