«Քիչ հավանական և ոչ իրատեսական». եվրապատգամավորը դեռևս անհնար է համարում ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին
22 Հուլիսի 2025, 14:15
Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը բացարձակ անիրատեսական է այս պահին։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում «Այլընտրանքներ Գերմանիայի համար» պատվիրակության ղեկավարի տեղակալ և մարդու իրավունքների կոմիտեում համակարգող Թոմաշ Ֆրյոլիխը։
«Ես կարծում եմ, որ դա բացարձակ անիրատեսական է այս փուլում, և դա ասում եմ որպես Հայաստանի նկատմամբ մեծ համակրանք ունեցող մարդ», — ասել է նա ավստրիական «Auf1» պորտալի հետ զրույցում:
Ֆրյոլիխը պարզաբանել է, որ Հայաստանի անդամակցությունը հակասում է ԵՄ ռազմավարական շահերին:
«Դա կապված է նաև այն բանի հետ, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Եվրամիության համար։ ԵՄ-ն ընդհանուր շահեր ունի Ադրբեջանի հետ, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը փաստացի դադարել է էներգառեսուրսների մատակարար լինելուց։ Այդ համատեքստում Ադրբեջանը մասամբ զբաղեցրել է նրա տեղը, և նրա նշանակությունը Բրյուսելի համար մեծացել է», — հավելել է նա։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԵՄ-ի մերձեցումը Հայաստանի հետ՝ ի վնաս Ադրբեջանի, «չափազանց քիչ հավանական է» և «պարզապես ոչ իրատեսական»: Այս համատեքստում նա ուշադրություն է հրավիրել Բրյուսելի երկակի ստանդարտների վրա:
«ԵՄ-ն չի աջակցում Հայաստանին այնտեղ, որտեղ դա իսկապես անհրաժեշտ կլիներ, և միևնույն ժամանակ ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Դա ինքնին պարտադիր չէ, որ վատ բան լինի, բայց ակնհայտորեն հակասում է այն հռետորաբանությանը, որը Բրյուսելը սովորաբար օգտագործում է»,- նշել է եվրապատգամավորը: