ՔԿ–ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից տղաներից մեկին
31 Մարտի 2026, 23:37
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է երկու ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։
«Իմ գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հիմնավորել ներկայացված միջնորդությունը», — նշեց պաշտպանը։
Ինչ վերաբերում է Դավիթի ինքնազգացողությանը, ապա ամբողջ նիստի ընթացքում նա փաստաբանի ձեռքը բռնած է եղել, դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին նստած պատասխանի։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ Մեկ ուրիշն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։