Քոբուլեթիում հայկական պարային համույթը ներկայացրել է «Ծաղկաձոր», «Փափուռի» և «Կտկտիկ» պարերը
12 Հուլիսի 2023, 08:32
Քոբուլեթիում «Վաչիան» պարային համույթը, մասնակցելով «Մզիանի Սաքարթվելո» (Արևոտ Վրաստան) պարի փառատոնին, ներկայացրել է հայկական 3 պար։ Համույթի սաները պարել են «Ծաղկաձոր», «Փափուռի» և «Կտկտիկ»:
Հանդիսատեսը, պարուսույցի խոսքով, «Կտկտիկի» հանդեպ ավելի ջերմ ու բուռն է արձագանքել: Փառատոնը մրցութային չի եղել, բոլոր մասնակիցներն արժանացել են անհատական դիպլոմների:
Նշենք, որ «Վաչիան» հայկական պարային համույթում պարում է 110 երեխա, գործում է չորս խումբ, պարում են 4-ից մինչև 16 տարեկան երեխաներ։
«Վաչիանում մենք պարը դարձրել ենք ավանդույթ, սկզբնական շրջանում պարելը շատ ամոթ էր անգամ տղաներին: Ուզում եմ մեծ ուրախությամբ ասել, որ սկսել ենք մի տղայով, իսկ հիմա խմբում 30 տղա է պարում:
2008 թվականին ես խնդրում էի ծնողներին, որ տղաներին ուղարկեն պարելու, իսկ հիմա այդ խնդիրը չունեմ, դա պարարվեստի մեջ արդեն իսկ հաղթանակ է», – Jnews.ge-ի փոխանցմամբ՝ ասել է «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը: