Քոչարյանի ուղերձն այն էր, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում վերանայվելու է ամեն ինչ․ Հակոբյան

09 Հոկտեմբերի 2025, 20:29

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի մասին՝ պարզաբանելով, թե որն էր նախագահի ամենագլխավոր ուղերձը։

«Կարծում եմ՝ ամենագլխավոր ուղերձը այն էր, որ երկրորդ նախագահը կոտրեց այն կարծրատիպերը, որ, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի և իշխանության գա ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, կոալիցիոն ընդդիմության մասին է խոսքը, ապա վերանայվելու է ամեն ինչ, բոլոր պարտավորություններն ու պայմանագրերը, որոնք ստորագրվել են ժամանակին։ Նախագահը, ըստ էության, մեսիջ ուղարկեց Արևմուտքին կամ տվյալ պարագայում Միացյալ Նահանգներին, որ ոչ թե կտրուկ քայլեր կարող են լինել, այլ կարող է վերանայվել բովանդակությունը ցանկացած պայմանավորվածության, մասնավորապես օգոստոսի 8 պայմանագրի մասին էր խոսքը»,- նշել է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծված իրավիճակից ելք էր առաջարկում։

«Կարծում եմ՝ ամենագլխավոր մեսիջն այն էր, թե ապագա իշխանությունը իշխանափոխության դեպքում ինչ գործելաոճ է որդեգրելու։ Այն բոլոր շահարկումները, որ հիմա կգան ուժեր, որոնք ռուսական, պրոռուսական են, այս ասուլիսով, ի չիք դարձվեցին»,- ընդգծել է Հակոբյանը։