«Քոլամբուսի» հաղթանակը, Լուկաս Սելարայանի 2 առանցքային փոխանցումները (տեսանյութ)

25 Հունիսի 2023, 12:21

Սպորտ

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում «Քոլամբուս Քրյուն» 2:0 հաշվով առավելության հասավ «Նեշվիլի» նկատմամբ։

Հանդիպմանը մասնակցեց նաեւ «Քոլամբուսի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը երկու գոլերի դրվագներում էլ կատարեց առանցքային փոխանցումներ։

20-րդ րոպեին Սելարայանը մրցակցի կիսադաշտում խլեց գնդակը, առաջ շարժվեց եւ փոխանցում կատարեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Ռամիրեսին, որը գրավեց «Նեշվիլի» դարպասը։ Գոլային փոխանցում չգրանցվեց, քանի որ վերջին հպումը գնդակին եղել էր մրցակի խաղացողից։

Ավելացված 5-րդ րոպեին Սելարայանի փոխանցումից հետո ամերիկացի հարձակվող Մաքսիմիլիան Արֆսթենը հարվածեց դարպասի ուղղությամբ եւ «Նեշվիլի» ամերիկացի պաշտպան Ջեք Մեհերից գնդակը հայտնվեց սեփական դարպասում։

Արեւելյան կոնֆերենցիայում «Քոլամբուսը» 19 խաղից հետո 31 միավորով 5-րդն է։ «Նեշվիլը» (20 խաղ) երրորդն է՝ 35 միավոր։