ՔՊ-ին «վախ չափող» է պետք. Սևակ Խաչատրյանը՝ Էջմիածնում սկսված բռնաճնշումների մասին
11 Փետրվարի 2026, 13:13
Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն ասուլիսի է հրավիրել, որի ժամանակ անդրադարձել է այսօր առավոտյան Վաղարշապատում սկսված զանգվածային խուզարկություններին և ձերբակալություններին: Թիրախում դաշինքի թեկնածուներն ու համակիրներն են:
Ըստ Խաչատրյանի՝ տեղի ունեցողը բացահայտ քաղաքական բռնաճնշում է, որը կապված է հունիսին սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ։ Նա նշել է, որ ձերբակալվածների թիվն արդեն գերազանցում է տասը։ Նրանց մեջ կան մարդիկ, որոնք նույնիսկ ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվել։
«Սրանք ՔՊ-ի վախերն են: Իրենք «վախ չափողի» կարիք ունեն։ ՏԻՄ ընտրություններից ամիսներ անց նման «բեսպրեդել» սկսելը նպատակ ունի վախի մթնոլորտ ձևավորել և լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցողներին»,- ասել է նա:
Անդրադառնալով ձերբակալությունների պատճառներին՝ Խաչատրյանը նշել է, որ իշխանությունները փորձում են «գործեր կարել»՝ քարոզչությունն ու ընտրողներին ուղղորդելը ներկայացնելով որպես հանցանք։