Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) պետք է կազմալուծվի․ Աբդուլլահ Օջալան

27 Փետրվարի 2025, 20:36

Քաղաքականություն

Քրդերի ազատագրական շարժման առաջնորդ, երկար տարիներ Թուրքիայում բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել պատմական ուղերձով։

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել Իմրալի բանտային կղզուց՝ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումից հետո, և ներկայացրել է նրա ուղերձը։

«Բոլոր խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) պետք է կազմալուծվի։ Ես կոչ եմ անում վայր դնել զենքը և ստանձնում եմ այդ կոչի պատմական պատասխանատվությունը»,- ուղերձում ասել է Օջալանը։

Ըստ քուրդ առաջնորդի՝ Թուրքիայում վերացել է ինքնության ժխտման պրակտիկան և խոսքի ազատության ոլորտում ձեռքբերումները հանգեցրել են PKK-ի իմաստի կորստին և ավելորդ կրկնությանը:

«Արդյունքում, այլ նման շարժումների պես, այն հասել է իր կյանքի ժամկետի ավարտին, ինչն անհրաժեշտ է դարձնում դրա լուծարումը»,- ասել է Օջալանը՝ կոչ անելով վերակառուցել քուրդ-թուրքական միասնությունն ու եղբայրությունը։