Քրիստինա Մխիթարյանը՝ «BraVo» մրցանակի դափնեկիր

17 Ապրիլի 2025, 14:50

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանի պետական ակադեմիական թատրոնում (Մեծ թատրոն) տեղի է ունեցել BraVo 7-րդ միջազգային երաժշտական մրցանակի հանձնման արարողությունը:

Թատրոնի բեմ է բարձրացել նաև հայազգի օպերային երգչուհի, սոպրանո Քրիստինա Մխիթարյանը, ով ճանաչվել է «Տարվա հայտնություն»։

Քրիստինա Մխիթարյանը ծնվել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքում։ Ավարտել է Գալինա Վիշնևսկայայի թատրոնի ստուդիան (Մոսկվա), այնուհետև սովորել է Գնեսինների անվ. երաժշտական քոլեջում և ակադեմիայում՝ պրոֆ. Ռուզան Լիսիցյանի ղեկավարությամբ:

2017-ին Քրիստինան արժանացել է Operalia մրցույթի 2-րդ մրցանակին: Նրա միջազգային մրցանակների թվում են՝ Օբուխովայի անվ.մրցույթի 2-րդ մրցանակը, Hans Gabor Belvedere մրցույթի ֆինալիստ, Ֆրանցիսկո Վինյասի 49-րդ մրցույթի 3-րդ մրցանակ, Գլինկայի անվ. մրցույթի դիպլոմ, Bella Voce մրցույթի 1-ին մրցանակ, Նորվեգիայի թագուհի Սոնյայի անվ մրցույթի 1-ին մրցանակ, Neue Stimmen մրցույթի և Viotti մրցույթի 3-րդ մրցանակ:

Օպերային երգչուհին համագործակցել է հայտնի դիրիժորներ Բերտրան դե Բիլլի, Քերի Լին-Վիլսոնի, Դոմինգո Հինդոյանի, Յուրի Բաշմետի, Ֆաբիո Բիոնդիի, Միխայիլ Գրանովսկու, Մաքսիմ Եմելյանիշևի, Յակուբ Հռուշայի և այլ դիրիժորների հետ: