Ռաֆայել Աղաջանյան․Մոլդովական կինոն երախտապարտ է հայազգի ռեժիսորին

05 Հունիսի 2024, 21:48

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 5-ին հայտնի հայ ռեժիսոր և սցենարիստ Ռաֆայել Աղաջանյանի ծննդյան օրն է։

Աղաջանյանը 1972 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 1983 թվականին՝ նույն ինստիտուտի սցենարական ֆակուլտետը։ Նա իր ստեղծագործական կարիերան սկսել է Մոսկվայում, աշխատել է որպես վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի նկարահանման խմբի տնօրեն, տարբեր նախագծերի համար էլ տեքստեր է գրել։ Բացի այդ, համագործակցել է հայտնի «Երալաշ» մանկական կինոամսագրի հետ։

Ութսունականների վերջին Աղաջանյանը Մոսկվայից տեղափոխվել է Քիշնև, որտեղ սկսել է աշխատել «Մոլդովա ֆիլմ» կինոստուդիայում։

1994 թվականին աշխատել է Ազգային հեռուստատեսության նորությունների դեպարտամենտում։ Եղել է հեռուստահաղորդումների լրագրող, հատուկ թղթակից, մեկնաբան, հեղինակ և հաղորդավար։Բացի այդ, նա Մոլդովայի Միջազգային անկախ համալսարանում դասավանդել է կինոարվեստ։

Ռաֆայել Աղաջանյանը «Մոլդովա ֆիլմ» կինոստուդիայում ստեղծել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր: Ստեղծագործական գործունեության մեջ ունեցած հաջողությունների, հոգևոր և բարոյական արժեքների քարոզչության գործում ներդրած ավանդի և մասնագիտական բարձր հմտությունների համար Աղաջանյանն արժանացել է Մոլդովայի արվեստի վարպետի կոչման։

Ռաֆայել Աղաջանյանը մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 3-ին։