Ռաֆայել Հարությունյան և Արի Զաքարյան․ Մալինինի հաջողության առանցքային դեմքերը
12 Փետրվարի 2026, 10:47
ԱՄՆ-ը ներկայացնող ռուս գեղասահորդ Իլյա Մալինինը 2026 թվականի Օլիմպիական խաղերում արդեն նվաճել է մեկ ոսկե մեդալ թիմային մրցապայքարում և կարճ ծրագրից հետո առաջատար է անհատական մրցումներում։
Նրա պատրաստման և ծրագրերի բեմադրության մեջ անմիջական մասնակցություն են ունեցել երկու հայ մասնագետներ՝ անվանի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը, որը նաև ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզիչն է, և պրոդյուսեր Արի Զաքարյանը։
Զաքարյանը Մալինինի գործակալն է և մեծ ներդրում ունի ԱՄՆ-ում և Հայաստանում գեղասահքի զարգացման գործում։ Նա նաև ընդգրկված է Հայաստանի հավաքականի պատվիրակության կազմում 2026 թվականի Օլիմպիական խաղերում և մասնակցում է Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգի առաջխաղացման աշխատանքներին։
Նշենք, որ 21-ամյա Իլյա Մալինինը դարձել է Օլիմպիական խաղերի պատմության մեջ երրորդ գեղասահորդը, որը կատարել է հետադարձ ցատկ։ Այդ սալտոն պաշտոնապես արգելված էր գրեթե կես դար։ Ամերիկացի գեղասահորդ Թերի Կուբիչկան առաջինն էր, որ նման ցատկ է կատարել 1976 թվականի Օլիմպիական խաղերում։ Նույն թվականին Գեղասահքի միջազգային միությունը արգելել է այդ տարրը՝ դրա վտանգավորության պատճառով. արգելքը վերացվել է 2024 թվականին։ 1998 թվականին ֆրանսիացի գեղասահորդ Սուրյա Բոնալին Նագանոյի Օլիմպիական խաղերում անօրինական կերպով կատարել է հետադարձ ցատկը, երբ իմացել է, որ արդեն դուրս է մնացել մեդալային պայքարից։