Ռաֆայել Հարությունյան․ գեղասահքի հայ աստղը

05 Հուլիսի 2024, 22:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 5-ին գեղասահքի ամերիկացի հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1957 թվականին Թբիլիսիում։ Հենց այնտեղ էլ մանկուց գնացել է գեղասահքի։ Ժամանակին նա եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետի թեկնածու, սակայն որոշել է սիրողական կարիերա չկառուցել։

Հարությունյանը տեղափոխվել է Երևան և այստեղ ավարտել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Շուրջ 10 տարի որպես մարզիչ աշխատել է Երևանի գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոցում։

Որոշ ժամանակ անց մարզիչը Մոսկվայում աշխատելու հրավեր է ստացել։ Հարությունյանն աշխատել է «Սոկոլնիկի» սպորտի դպրոցում կնոջ՝ Վերա Հարությունյանի հետ, որը նաև ղեկավարել է գեղասահքի խումբը։

2000-ականների սկզբին Ռաֆայել Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ և սկսել մարզչական աշխատանքը «Ice Castle» միջազգային ուսումնական կենտրոնում։ Այդ տարիներին մոսկվացի մարզիչների մեծ հոսք կար ԱՄՆ, օրինակ՝ Տարասովան, Մոսկվինան, Ժուլինը։ Նրանք բոլորը հետ են վերադարձել, իսկ Հարությունյանը մնացել է։

Իզուր չէ, որ հայը տեղափոխվել է ԱՄՆ, քանի որ այնտեղ նա դարձել է գեղասահքի ամերիկյան աստղ։ Իր կարիերայի գրեթե 50 տարիների ընթացքում նա աշխատել է համաշխարհային այնպիսի հայտնի գեղասահորդների հետ, ինչպիսիք են՝ Միշել Կվանը, Ալեքսանդր Աբտը, Մաո Ասադան, Սերգեյ Վորոնովը, Ադամ Ռիփոնը, Էշլի Վագները և Մրայա Բելը:

2022 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերում Հարությունյանն է եղել Նաթան Չենի մարզիչը, որ նվաճել է օլիմպիական ոսկին։