Ռայֆայզենբանկը հուլիսի 3-ից կսահմանափակի եվրոյով փոխանցումները Հայաստանի և մի շարք այլ երկրների բանկերին
21 Հունիսի 2023, 17:35
Raiffeisenbank-ը հաճախորդներին զգուշացրել է 2023 թվականի հուլիսի 3-ից եվրոյով փոխանցումների նոր սահմանափակումների մասին, գրում է ռուսական Коммерсант-ը։
Այժմ հնարավոր չի լինի եվրոյով ելքային վճարում կատարել այլ բանկ, եթե շահառուի բանկը գտնվում է հետևյալ երկրներից մեկում` Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հորդանան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, ԱՄԷ, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ադրբեջան:
Նոր սահմանափակումները վերաբերում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռներեցներին և, ի թիվս այլ բաների, վերաբերում են այլ բանկերում բացված անձնական հաշիվներին եվրոյով ելքային փոխանցումներին:
Ինչպես նշում է թերթը, Raiffeisenbank-ը խստացնում է ֆիզիկական անձանց արժութային փոխանցումների կանոնները՝ ԱՄՆ գանձապետարանի և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից վարկային հաստատության վրա ճնշումների ֆոնին։
Մարտին հայտնի դարձավ, որ ԵԿԲ-ն ավստրիական Raiffeisen Bank բանկային խմբից պահանջել է փակել իր բիզնեսը Ռուսաստանում։