Ռայիսին աջակցություն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա
21 Դեկտեմբերի 2023, 20:30
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված ցանկացած գործողության, որը միևնույն ժամանակ հիմնված կլինի բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Այս մասին նշված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Ի պատասխան Հայաստանի կառավարության ծրագրի՝ զարգացնելու ճանապարհային և երկաթգծային հաղորդակցության ուղիները երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև, Ռայիսին ասել է․
«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի՝ միևնույն ժամանակ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա գնահատում է որպես արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և իր հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։
Ռայիսին նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման և համաձայնագրերի իրագործման առնչությամբ։
Նա շեշտել է, որ Կովկասը կարևոր տարածաշրջան է, որտեղ խաղաղության անհրաժեշտություն կա։ Իսկ Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման անցկացումը Ռայիսին գնահատել է որպես կառուցողական քայլ տարածաշրջանային հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։