Ռազմական բախումն այժմ անհնար է. Օլեգ Մակարենկոն՝ Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականության մասին

19 Մարտի 2025, 21:55

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ և արևելագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բախումը, և թե Իսրայելն ինչպես կարող է իրեն պահել այս դեպքում։

«Միացյալ Նահանգների և Իրանի հակամարտությունը, սկզբունքորեն, ուրվագծվում էր շատ վաղուց։ Իսկ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև դաշնակցային, պայմանականորեն դաշնակցային, պարտավորությունների փաթեթի շրջանակներում Իրանին թուլացնելու ամերիկյան ցանկությունն ակնհայտ է»,- կարծում է փորձագետը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր ռազմական բախմանը, Alpha News-ի զրուցակիցը նշել է, որ պատերազմն առաջին հերթին պետք չէ Թրամփի վարչակազմին:

«Բախումն անհնար է, քանի որ եթե բախում լինի, դա կլինի լայնամասշտաբ պատերազմ, որը Միացյալ Նահանգների համար կվերածվի ներքաղաքական և արտաքին քաղաքական լուրջ խնդիրների։ Իրանն ի վիճակի է հարվածներ հասցնել ամերիկյան նավերին և դա անել բավականին ցավոտ: Թրամփին սա այս պահին պե՞տք է։ Բացարձակապես ոչ: Բայց հութիների վրա հարձակումը սկզբունքորեն տրամաբանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև Թրամփն այդպիսով հայտ է ներկայացնում Սուեզի ջրանցքի համար և ամրապնդելու Միացյալ Նահանգների դերը Ադենի ծոցում և Կարմիր ծովում՝ Սուեզի տարածքով ելք ունենալով։ Պետք է նկատի ունենալ նրա հետաքրքիր դիրքորոշումը Պանամայի ջրանցքի վերաբերյալ, որը նա ցանկանում է խլել Պանամայից և ամբողջությամբ վերահսկել։ Սա նշանակում է, որ Թրամփի համար նեղուցները կարևոր են»,- ընդգծել է քաղաքագետը։

Հարցին, թե ինչպես Իսրայելն իրեն կդրսևորի ներկա աշխարհառազմավարական իրավիճակում, Օլեգ Մակարենկոն պատասխանել է, որ Իսրայելը հին խնդիրներ ունի Պաղեստինի հետ, և նոր կոնֆլիկտների մեջ մտնելը՝ հները չլուծելով, ձեռնտու չի լինի։

«Ստեղծված իրավիճակը կարող է խթան հանդիսանալ Իսրայելի համար, սակայն պետք է նշել, որ Իսրայելը չի լուծել պաղեստինյան խնդիրը։ Այն այսօր անհնար է լուծել։ Իսրայելը չի կարող, կամ դա բավականաչափ խելամիտ որոշում չէր լինի՝ առանց մեկ խնդիրը լուծելու ձեռնամուխ լինել իրանականին։ Նա ամբողջությամբ չի ոչնչացրել «Հեզբոլլահ»-ին, չի ոչնչացրել ու չի լուծել ՀԱՄԱՍ-ի հետ խնդիրը: Ամբողջովին լուծված չէ: Այժմ Գազայի հատվածում կրկին ակտիվ ռազմական գործողություններ են սկսվել ՀԱՄԱՍ-ի դեմ։

Եվ այս պայմաններում նրանց հարկավոր է կամ ԱՄՆ-ի օգնությունը, կամ ժամանակ է պետք Իրանի հետ պատերազմին պատրաստվելու համար, որն, ըստ էության, Իսրայելն այսօրվա դրությամբ չունի։ Ինչո՞ւ, որովհետև Իրանը հակաօդային պաշտպանության միջոցներ է կուտակում և ինքնաթիռներ է գնում, այդ թվում՝ Ռուսաստանից։ Իրանի և ՌԴ-ի միջև պայմանագրի ստորագրումը նրանց համար բարդացնում է իրավիճակը ոչ թե ռազմական, այլ տնտեսական առումով։

Իսկ Ռուսաստանի և Իրանի փոխգործակցությունն, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի, կբարդացնի և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ-ի գործողությունները։ Ուստի այսօրվա իրավիճակը պարզապես Իսրայելի համար ոչ թե Իրանի հետ հարցի լուծում կլիներ, այլ ընդհակառակը, ռազմական առումով Իսրայելի խնդիրների ավելացում։

Իսրայելի ներսում մեծ թվով չլուծված խնդիրներ կան։ Կարծում եմ, որ Իսրայելն ավելի լավ կլիներ իր ուժերն ուղղեր դեպի Սիրիա։ Սիրիական, լիբանանա-սիրիական, իսրայելա-սիրիական խնդրի սրումը նրա համար առավել օպտիմալ կլիներ»,- նշել է Մակարենկոն։