Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
25 Սեպտեմբերի 2023, 15:04
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների մասնակցությամբ՝ զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։
Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։
ԱՀ ՆԳՆ Ոստիկանության փոխանցմամբ՝ սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից՝ զոհված 2 զինծառայողի մարմին։ Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում՝ 2 երեխա և տարեց ամուսիններ։ Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։