ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով

08 Սեպտեմբերի 2025, 12:02

Քաղաքականություն

Ռուսաստանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որն ուկրաինական ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ ահաբեկչություններ էր նախապատրաստում Եսենտուկիում և Ստավրոպոլում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ին:

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է մեր երկրի տարածքում ուկրաինական ռեժիմի կողմից դիվերսիոն-ահաբեկչական մի շարք գործողություններ իրականացնելու հերթական փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանում է գերատեսչությունը, Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը միացել էր արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը։ Նա հետախուզել է օբյեկտներ, այդ թվում՝ վարչական շենքեր և տրանսպորտային ենթակառուցվածքներ Եսենտուկիում և Ստավրոպոլում, ձեռք է բերել պայթուցիկ սարքեր պատրաստելու համար նյութեր, որոնք պահել է թաքստոցում։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը նախատեսում էր հավաքել մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ օգտագործելով հատուկ ստորաբաժանումներում ծառայելու իր հմտությունները։ Նրանից առգրավել են պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, կապի միջոցներ և նրա գործունեությունը հաստատող ապացույցներ։ Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 30-րդ և 205-րդ հոդվածներով (ահաբեկչական գործողության նախապատրաստում)։