ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՊՀ գործընկերների հետ Գրիգորյանի հանդիպումից հրաժարվելուն
09 Նոյեմբերի 2023, 16:16
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ժամանել Մոսկվա՝ ԱՊՀ գործընկերների հետ նիստին մասնակցելու՝ խիտ գրաֆիկի պատճառով, իսկ հետո պարզվել է, որ նա հանդիպել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին:
Դիվանագետը կոչ է արել ինքնուրույն եզրակացություններ անել Երևանի քաղաքականության վերաբերյալ՝ ելնելով իրավիճակից։
«Մի կողմից Գրիգորյանը պատրաստվում էր, հետո ասաց, որ խիտ գրաֆիկի պատճառով չի կարող գալ։ Ավելի ուշ պարզվել է, որ նա Երևանում տեսակցել է Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Եզրակացություններ արեք ինքներդ», — հայտարարել Է Զախարովան։
Նա նաև ուշադրություն է դարձրել, որ Մոսկվայում կայացած նիստին մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, իսկ «մակարդակը որոշում է հենց Հայաստանը»: