ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են 8 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հյուպատոսական ծառայությունների մատուցման կենտրոններ բացելու ծրագրերի մասին

01 Փետրվարի 2024, 10:25

Քաղաքականություն

Ռուսաստանը, գործող արտասահմանյան ներկայացուցչություններից բացի, մտադիր է 8 երկրներում հայրենակիցների համար հյուպատոսական ծառայությունների մատուցման հատուկ կենտրոններ բացել։ Դրանք կաշխատեն իրենց իրավական կարգավիճակի կարգավորումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։

Նրա խոսքով՝ խոսքը Հայաստանի, Արգենտինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՄԷ-ի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի մասին է:

«Համապատասխան կազմակերպություններն աշխատանքի կանցնեն օտարերկրյա պետությունների տարածքում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման հետ կապված հարցերի լուծմանը զուգընթաց։ Դրանց բացման մասին տեղեկատվությունը ժամանակին կհասցվի հանրությանը», — նշել Է դիվանագետը։

«Այսուհետ հյուպատոսական ծառայությամբ հետաքրքրված քաղաքացիները, ի լրումն դրա համար անմիջապես արտասահմանյան հաստատություն դիմելու հնարավորության, այլընտրանքային տարբերակ ունեն՝ ստանալ պահանջվող փաստաթուղթը համապատասխան տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնում հնարավորինս սեղմ ժամկետներում՝ չսպասելով հյուպատոսական հիմնարկ ընդունելության իրենց հերթին», — պարզաբանել է Կլիմովը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման կենտրոնների բացումն ուղղված է դիմումատուների սպասման ժամանակի կրճատմանը, ՌԴ արտասահմանյան հաստատությունների թողունակության բարձրացմանը «վերջին երկու տարվա ընթացքում արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների թվի էական աճի և հյուպատոսական ծառայությունների պահանջարկի էքսպոնենտ աճի պայմաններում»:

«Օտարերկրյա պետությունների ցանկը կազմելիս հաշվի են առնվել, առաջին հերթին, այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռուսական սփյուռքի թվաքանակը, հյուպատոսական ծառայությունների պահանջարկի մակարդակը, համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հաստիքային հնարավորությունները, ռուսական արտասահմանյան հաստատությունների կողմից հյուպատոսական ծառայությունների մատուցման օպերատիվությունը», — ասել է նա:

Միևնույն ժամանակ, Կլիմովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ինչպես և նախկինում, իրավունք ունեն ուղղակիորեն դիմել հյուպատոսական ծառայությունների համար «Ռուսաստանի արտասահմանյան հաստատություններ՝ ընդունելության նախնական նշանակման պայմանով՝ ինքնուրույն պատրաստելով հյուպատոսական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը»:

Թվարկված ութ երկրները ներառված են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրամանի նախագծում՝ նպատակ ունենալով ընդլայնել այն երկրների ցանկը, որոնցում նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները կարող են աջակցել Ռուսաստանի հյուպատոսություններին՝ առանձին հյուպատոսական գործողություններ կատարելու և դիմորդների փաստաթղթերի ընդունման գործում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հունվարի 16-ին նորմատիվ իրավական ակտերի նախագծերի Դաշնային պորտալում։