ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններում հաշվի կառնվի իրական իրավիճակը, որը ձևավորվում է մարտի դաշտում. Անդրեյ Արեշև
13 Մարտի 2025, 11:56
Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացները։
«Նախ, այս պայմանավորվածությունները նախնական են։ Սրանք այն պայմանավորվածություններն են, որոնք քննարկվել են հենց ամերիկա-ուկրաինական բանակցությունների ձևաչափում։ Ես նկատեցի որոշ հրապարակումներ, որոնք հուշում են այդ պայմանավորվածություններում բրիտանական հետքի մասին՝ Մոսկվային անհարմար դրության մեջ դնելու նպատակով։ Որովհետև 30-օրյա զինադադարի թեզը, որը կա՛մ կարելի է երկարացնել, կա՛մ ոչ, իհարկե, այնքան էլ չի համապատասխանում այն դիրքորոշումներին, որոնք պաշտոնապես հնչել են ամենաբարձր մակարդակով։
Եվ եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, թե այս 30 օրը պետք է օգտագործվի Ուկրաինային վերազինելու համար, բացարձակապես այն չէ, ինչ կցանկանար տեսնել Ռուսաստանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մենք շահագրգռված ենք երկարաժամկետ խաղաղությամբ, ինչը ոչ մի դեպքում հրադադար չէ ։
Այնպես որ, ամեն դեպքում, սա դեռ նախնական դիրքորոշում է, և հետագայում, ինչպես ինձ թվում է, հարցը կքննարկվի արդեն ռուս-ամերիկյան բանակցություններում, որոնց մասին հայտարարում է պարոն Թրամփը և նրա շրջապատը։ Ինչպես հասկանում ենք, բանակցությունները կանցկացվեն ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ հեռախոսով։ Ինձ թվում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք կարող են ձեռք բերվել վերջնական ելքի ժամանակ, չեն կարող հաշվի չառնել նաև Ռուսաստանի շահերը և այն իրավիճակը, որն իրապես ձևավորվում է մարտի դաշտում»,- նշել է Արեշևը։
Անդրադառնալով հազվագյուտ մետաղների գործարքին, փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ը կփորձի ավելի մեծ զիջումների հասնել այսպես կոչված ուկրաինական իշխանությունից։
«Ինչ վերաբերում է հազվագյուտ մետաղների գործարքին, ապա ինձ թվում է, որ դա տեղեկատվական համեղ թեմա է, ինչպես ասում են, բայց միևնույն ժամանակ հազվագյուտ մետաղների հանքավայրերի հարցը ամերիկյան կողմն օգտագործում է որպես կարթ՝ փորձելով մոտենալ Ուկրաինային։ Կարծում եմ, որ հիմա, ամեն դեպքում, բավականին կոշտ սակարկություն է տեղի ունենում, և Զելենսկին ու իր ժողովուրդը ստիպված են վճարել։
Ինչպես գիտենք, Ուկրաինան դարձել է ոչ միայն խոշոր արտահանող, այլև զենք ներկրող։ Կա նաև մանիպուլյացիայի մեծ դաշտ, և այս ամենն, անշուշտ, խաղարկվում է ամերիկյան կողմից, որպեսզի ավելի մեծ զիջում ստանա գործող, այսպես կոչված, ուկրաինական իշխանությունից»,- ասել է քաղաքագետը։