ՌԴ-ի և ՀՀ-ի դարավոր կապերը կդիմանան Արևմուտքի բոլոր փորձություններին. Զախարովա

08 Օգոստոսի 2024, 10:15

Քաղաքականություն

ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց նրանց անխոնջ ենթարկում է Արևմուտքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև կապի խզման համար: Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, և ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։

«Ինչ վերաբերում է Օ’ Բրայենի մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ «աշխարհաքաղաքական ինեներինգի» հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» սարքելու ձգտումը, որն իրականում տեղի ունեցածի հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ասել Է Զախարովան:

Նա նշել է, որ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը բոլորովին վերջերս են նկատվել տարածաշրջանի այլ երկրներում։

«Օ’ Բրայենը և ընկերությունները պետք է սովորեն մեկ պարզ բան. մեր երկրների միջև դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց դրանք անխոնջ ենթարկում է Արևմուտքը։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ուս ենք եղել եղբայրական հայ ժողովրդի համար, մտադիր ենք դա անել նաև այսուհետ», — եզրափակել Է Զախարովան։