ՌԴ-ից բերված դասագրքերի բաշխումը չի կասեցվել, դրանք ուղարկվել են փորձաքննության. ԿԳՄՍՆ

16 Նոյեմբերի 2023, 18:40

Կրթություն

Չի արգելվել որևէ դասագրքի մուտք դպրոցներ, ընդամենը այդ դասագրքերը ներկայացվել են փորձաքննության, ինչը ՀՀ հանրակրթության մասին օրենքի պահանջ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի հայտարարությունը, թե Հայաստանի ԿԳՄՍՆ-ն կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաշխումը դպրոցներին:

Նախարարությունից նշեցին, որ «Հանրակրթության մասին» օրենքով ցանկացած նյութ, դասագիրք, մեթոդական ձեռնարկ, կամայական ուսումնական նյութ, որը մտցվում է դպրոց, ենթարկվում է փորձաքննության, նրա համապատասխանությունը Հայաստանի կրթական չափորոշիչներին՝ մասնագիտորեն հիմնավորելու նպատակով: Դա արվել է նաև այս պարագայում, և շատ արագ այդ դասագրքերը, որոնք ուղարկվել են ռուսական կողմից և նախատեսված են Հայաստանում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար, սահմանված կարգով կանցնեն փորձաքննություն և կտրվեն դպրոցներին:

ԿԳՄՍՆ-ից նաև հայտնեցին, որ ռուսերենով դասագրքերը փորձաքննության են ուղարկվում, բայց հիմա հատկապես դա կարևոր է, քանի որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը:

«Այս դեպքում մենք խոսում ենք ռուսական կողմից ուղարկված ոչ թե ռուսերենի դասագրքերի, այլ մյուս առարկների դասագրքերի մասին: Մենք ունենք ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ ռուսերենով իրականացվում է, օրինակ, մաթեմատիկայի, կենսաբանության և այլ առարկաների ուսուցումը:

ՀՀ-ում կրթություն ստացող երեխան, անկախ նրանից, թե ինչ լեզվով է կրթություն ստանում, կրթական նույն արդյունքը պետք է ունենա: Խոսքը սրա մասին է: Հնարավոր չի թույլ տալ, որ հայկական դասարանում կրթական այլ վերջնարդյունք կամ այլ բովանդակություն լինի, ռուսերենով ուսուցմամբ դասարանում՝ այլ: Միեւնույն է, դրանք բոլորը պետք է նույն ծրագրի շրջանակում լինեն: Այդ նպատակով է փորձաքննությունը արվում»,-ասացին նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը տելեգրամյան ալիքում գրել էր, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաժանումը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։