ՌԴ-ն չի իջեցնում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան

06 Հունիսի 2024, 20:00

Քաղաքականություն

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել՝ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը:

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա:

«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- շեշտել է նա:

Ըստ փոխարտգործնախարարի՝«կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»:

ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: