Դա լրագրողի կարծիքն է, որն արտահայտել է մասնավոր ալիքում․ Զախարովան՝ Սոլովյովի հայտարարության մասին
15 Հունվարի 2026, 20:46
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը՝ ընդգծելով, որ նման թեմաների շուրջ մանիպուլյացիաներն անթույլատրելի են։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային հաղորդաշարում խոսել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև (առանց կոնկրետ երկրներ նշելու):
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ դա լրագրողի կարծիքն է, և այն արտահայտվել է «Սոլովյով live» մասնավոր ալիքում: Ավելին՝ այն ձևակերպված էր հարցի, այլ ոչ թե հայտարարության տեսքով։ Սակայն որոշ մեկնաբաններ այդ խոսքերը ներկայացրել են սադրիչ կերպով՝ փորձելով դրանք ներկայացնել որպես պետական դիրքորոշում, ինչը, Զախարովայի խոսքով, բացարձակապես անթույլատրելի է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կիսել են բարիդրացիական հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն, դաշնակցային կապեր և եղբայրական բարեկամություն։