ՌԴ-ն հայկական կողմին չպետք է վերագրի մեղադրանքներ, որտեղ մենք մեղք չունենք. Միրզոյան
23 Հունվարի 2024, 20:00
Հորդորում եմ ռուսաստանցի իմ ընկերների պատճառահետևանքային կապերի և ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին առնվազն չվերագրել մեղադրանքներ, որոնցում այն մեղավորություն չունի: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանյան կողմը 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, վերհիշելով երկկողմ դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած փոխադարձ պարտավորությունները միմյանց տարածքային ամբողջականության և սահմանները պաշտպանելու համատեքստում, դիմում է իր ռուսաստանցի գործընկերներին, որտեղից մեծ հաշվով ստանում է հետևյալ պատասխանը՝ ՀՀ առնվազն այդ հատվածում ունեցած սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, և, հետևաբար, ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով է խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանները»,- ասել է նա: