ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված դիմում է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին․ Օվերչուկ

27 Հունիսի 2025, 21:05

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանը Հայաստանին ուղղված դիմում է պատրաստում այն մասին, որ Երևանի մերձեցումը Եվրոպական միության հետ հակասում է Եվրասիական տնտեսական միության նորմերին: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։

«Ես պատրաստվում եմ ստորագրել իմ գործընկեր Մհեր Գրիգորյանին ուղղված նամակը, որում, մեր կարծիքով, նման գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին»,- հայտարարել է Օվերչուկը:

Փոխվարչապետը նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կքննարկի համապատասխան միջոցների կիրառման հարցը:

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Իհարկե, մենք միշտ հարգելու ենք հայ ժողովրդի ընտրությունը, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, ինչն արդեն հաստատել է Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի միաժամանակյա ներկայությունը ինչպես Եվրասիական տնտեսական միությունում, այնպես էլ Եվրոպական միությունում անհնար է»,-ընդգծել է նա։