ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ
03 Փետրվարի 2026, 13:00
Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում վերակողմնորոշում դեպի հակառուսական դաշինքների չափանիշները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեջբերում է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին։
«Ելնում ենք այն կանխավարկածից, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված հայկական ղեկավարության գիծը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ և վերակողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու դաշինքներիի չափանիշներ, որոնք ցանկանում են մեր երկրին «ռազմավարական պարտություն» հասցնել», — նշել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան հայ գործընկերներին բացահայտ ներկայացնում է ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները: Ռուսաստանում համոզված են, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի իբր բարի մտադրությունների հետևում թաքնված է սառը հաշվարկ: Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անխզելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա սեղմելով՝ կարելի է փորձել վնաս հասցնել Մոսկվային:
Իր հերթին, ըստ Լավրովի, Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ամուր պայմանագրաիրաիրավական բազայի վրա, որն ամրագրում է դրանց դաշնակցային կարգավիճակը: Մոսկվան բազմիցս, տարբեր մակարդակներով, ընդգծել է, որ ելնում է երկկողմ կապերի հենց այդպիսի բնույթից։ Ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը:
«Մենք արդյունավետ համագործակցում ենք եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: ԵԱՏՄ-ին անդամակցությունը հանրապետությանը բերում է իրական, շոշափելի օգուտներ: Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերի հաշվառման սկզբունքի վրա, որը ենթակա չէ քաղաքական կոնյունկտուրային», — նշել է նախարարը:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ իր բոլոր իրավունքներով և պարտականություններով: Մոսկվան կողմ է, որպեսզի Երևանը լիարժեքորեն մասնակցի Կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի տարրն է:
Բացի այդ, ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը գործնականում հաստատում է իր դերը՝ որպես Հայաստանի առանցքային և հուսալի առևտրատնտեսական ու ներդրումային գործընկեր, ինչպես նաև պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր։
«Մեր երկրին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 35%-ը: Ռուսական բիզնեսը երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցության կարևորագույն տարրերից մեկն է։ Կան նախադրյալներ համագործակցության ընդլայնման համար, օրինակ՝ խաղաղ ատոմի և լոգիստիկայի ոլորտներում։ Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական և մշակութային նախաձեռնություններ։ Ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր», — նշել է Լավրովը։