ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը և մնում է դաշնակից. Պեսկով

23 Նոյեմբերի 2023, 17:45

Կարծիք | Քաղաքականություն

Մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության ուղղությունները և մնում է դաշնակից ու ռազմավարական գործընկեր միավորման երկրների համար:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորները, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով։ Կշարունակենք խոսել նրանց հետ», — ասել Է Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ԱԳՆ, ՊՆ և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նաև լրագրողներին ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք չի եղել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, երկիրը գրեթե չի մասնակցել այդ հանդիպման նախապատրաստմանը: