Ինչի մասին են խոսել Պուտինն ու Թրամփը․ Կրեմլը մանրամասներ է հրապարակել
18 Մարտի 2025, 22:10

Այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որի ընթացքում առաջնորդները շարունակել են կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցմանը հասնելու ձգտման համար:
Վերահաստատելով հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային հանձնառությունը՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է ամերիկացի գործընկերների հետ համատեղ կարգավորման հնարավոր ուղիների մանրակրկիտ մշակման պատրաստակամության մասին, որը պետք է կրի համալիր, կայուն և երկարաժամկետ բնույթ: Եվ, իհարկե, հաշվի առնելով ճգնաժամի բուն պատճառները, անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը վերացնելու բացարձակ անհրաժեշտությունը։
«30-օրյա զինադադար սահմանելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմից նշվել են մի շարք էական կետեր, որոնք վերաբերում են մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի նկատմամբ գործուն վերահսկողության ապահովմանը, Ուկրաինայում հարկադիր զորահավաքի և Ուկրաինայի զինված ուժերի վերազինման դադարեցման անհրաժեշտությանը։
Նշվել են նաև լուրջ ռիսկեր՝ կապված Կիևի ոչ այնքան հավասարակշիռ պահվածքի հետ, որն արդեն բազմիցս սադրանքների է դիմել և խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուշադրություն է դարձվել Կուրսկի շրջանի քաղաքացիական բնակչության դեմ ուկրաինացի զինյալների կողմից իրականացված ահաբեկչական բնույթի բարբարոսական հանցագործություններին։
Ընդգծվել է, որ հակամարտության էսկալացիան թույլ չտալու և այն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատելու հիմնական պայմանը պետք է դառնա Կիևին օտարերկրյա ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության տրամադրման ամբողջական դադարեցումը:
Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուրսկում շրջափակված ուկրաինացի զինծառայողների կյանքը պահպանելու վերջին ուղերձին՝ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է առաջնորդվել մարդասիրական նկատառումներով և գերի վերցնելու դեպքում Ուկրաինայի ԶՈւ–ի զինվորների համար երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ ռուսական օրենքների և միջազգային իրավունքի նորմերի համաձայն»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն առաջարկել է կողմերին 30 օրով դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելը։ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հանձնարարական է տվել ՌԴ զինվորականներին։
Ռուսաստանի նախագահը նաև կառուցողական կերպով է արձագանքել Դոնալդ Թրամփի՝ Սև ծովում նավագնացության անվտանգությանը վերաբերող հայտնի նախաձեռնության իրականացման գաղափարին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել բանակցություններ՝ նման համաձայնագրի կոնկրետ մանրամասների հետագա մշակման համար։
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև կիրականացվի գերիների փոխանակում՝ 175-ը 175 մարդու դիմաց։ Բացի դրանից, որպես բարի կամքի ժեստ, կտեղափոխվեն ՌԴ բուժհաստատություններում բուժում անցնող 23 ծանր վիրավոր ուկրաինացի զինծառայողներ։
Առաջնորդները հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակելու ջանքերը երկկողմ ձևով ուկրաինական կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերը նշված առաջարկները։ Այդ նպատակով կստեղծվեն ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբեր։
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի այլ հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակին: Համատեղ ջանքեր կգործադրվեն ճգնաժամային կետերում իրավիճակի կայունացման, միջուկային զենքի չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում փոխգործակցության հաստատման նպատակով: Դա, իր հերթին, կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր մթնոլորտի առողջացմանը։ Դրական օրինակներից մեկը ՄԱԿ-ում ուկրաինական հակամարտության մասին բանաձևի վերաբերյալ համերաշխ քվեարկությունն է։
Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար։