ՌԴ-ն ուշադիր կհետևի և գործողություններ կձեռնարկի. Զատուլինը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
18 Հունիսի 2025, 20:06
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ՀՀ իշխանությունների հարձակմանը հայոց եկեղեցու վրա և արևմտամետ կուրսին։
«Ինձ համար բոլորովին անսպասելի էր այս իրավիճակը, թեև պարոն Փաշինյանի մոտ անսպասելիությունը պրակտիկա է։ Նրա գործողություններն ու հայտարարությունները վրդովմունք են առաջացնում ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչների կամ Հայաստանի քաղաքացիների կողմից։ Խոսքը, մասնավորապես, այն հիմնարար արժեքների մասին է, որոնցով մենք դաստիարակվել ենք: Չի կարելի անհարգալից վերաբերմունք ունենալ մեծերի հանդեպ, չի կարելի, անցնելով խորհրդային շրջանի բոլոր փորձությունների միջով, անհարգալից վերաբերվել Եկեղեցուն և կրոնական զգացմունքներին։ Այդ մարդն այսօր մարտահրավեր է նետում հայ ժողովրդի գոյությանը: Որպես պատմաբան՝ կարծում եմ, որ հայ ժողովուրդը գոյատևել և պահպանել է իր ինքնությունը շատ առումներով հենց այն պատճառով, որ նրան միավորել է Հայ Առաքելական եկեղեցին, որը, հիշեցնեմ, աշխարհի հնագույն պաշտոնական եկեղեցին է»,- ասել է Զատուլինը:
Անդրադառնալով հայտնի ձեռներեց և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ պատգամավորը նշել է, որ Ռուսաստանն ուշադիր կհետևի իրավիճակին և քայլեր կձեռնարկի:
«Ով թեկուզ մեկ բառ է ասում՝ ի պաշտպանություն քրիստոնեական արժեքների և, առհասարակ, եկեղեցական կյանքին պետության կողմից չմիջամտելու մասին, հարվածի տակ է հայտնվում: Կարծում եմ՝ Կարապետյանի դեպքում ավելանում է նաև այն, որ նա հայտնի գործարար է և ոչ միայն գործարար, այլ նաև բարերար, մարդ, ով ունի իր բաժնեմասերը, քանի որ մեծ դեր է խաղում Հայաստանի էներգաապահովման հարցում և համարվում է հայկական էլեկտրացանցերի ղեկավարը: Կարծում եմ՝ դա ոգևորություն է առաջացնում Փաշինյանի նմանների մոտ, որոնք կցանկանային ինչ-որ պատրվակով գողանալ այս ամենը: Եվ ահա արվեցին մեկնաբանություններ, որ պետք է Կարապետյանին զրկել սեփականությունից: Խոսքը ՌԴ քաղաքացու մասին է: Եվ ինչպես երեկ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը կհետևի իրավիճակին և քայլեր կձեռնարկի»,- նշել է Զատուլինը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության արևմտամետ կուրսին, ապա դա, ըստ պատգամավորի, վնասից բացի ոչնչի չի հանգեցնի:
«Սա այն դավաճանական կուրսի տարրն է, որն այս իշխանությունը հետապնդում է՝ սկսած Լեռնային Ղարաբաղում սեփական ազգային շահերի դավաճանությունից: Գիտեմ, որ այսօր գաղտնի կապեր կան ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ, որպեսզի հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը դառնա արևմտյան ջանքերի զոհը, ընդ որում, արևմտյան հարթակներում, նույնիսկ՝ ԱՄՆ-ում: Այս ամենը պետք է՝ հայ ժողովրդին համոզելու համար, որ սա այն ուղին է, որով հիմա գնում ենք: Եվ դրա համար արագ ընդունվեց ԵՄ-ին միանալու մասին օրենքը՝ թեպետ ԵՄ-ն չի սպասում Հայաստանին: Բայց դա պետք է՝ ցույց տալու համար, որ այն ամենն, ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ԱՊՀ նախկին հարևաններին և այլն, անցյալում է, և մենք պետք է մտածենք՝ որքան լավ ենք ապրելու արևմտյան աշխարհում: Ցավոք, վնասից բացի այս ամենը ոչնչի չի հանգեցնի»,- ասել է Զատուլինը:
Նա նաև մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցը և հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, որ այս այցի ընթացքում կձևակերպվի Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձը։
«Հիմա հարձակման է ենթարկվում Իրանը, հենց այն երկիրը, որը հանդես էր գալիս որպես տարածքային ամբողջականության որոշակի երաշխավոր, ամեն դեպքում, ընդդիմանում էր Թուրքիային և Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» անցման դեմ: Չգիտեմ, թե պարոն Փաշինյանի այցը Թուրքիա ինչ արդյունքների կհանգեցնի:
Նա արդեն այնքան է հանձնել, ներառյալ՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու սկզբունքային փաստը՝ հօգուտ դեպի Արևմուտք իր շրջադարձի, որ այս այցի արդյունքները կարող են տարբեր լինել։ Բայց հարցը նրան ուղղված չէ, կարծում եմ, արդեն անիմաստ է նրան հարցեր ուղղելը: Անձամբ ես վաղուց միանգամայն ակնհայտ տպավորություն ունեմ, որ քանի դեռ հայ ժողովուրդը չի արել Փաշինյանի վերաբերյալ իր եզրակացությունները, ռուս-հայկական հարաբերություններում այս անժամանակությունը շարունակվելու է»,- եզրափակել է Զատուլինը։