ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակման հարցում․ Կոպիրկին

10 Փետրվարի 2025, 09:55

Քաղաքականություն

ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակման հարցում: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով ՌԴ դիվանագետի օրվա առիթով ընդունելությանը։

«Ռուսաստանը լի է վճռականությամբ անհրաժեշտ ողջ օգնությունը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի զարգացման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման և հաղորդակցման ուղիների բացման հարցերում»,- ասել է Կոպիրկինը:

Ըստ նրա՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի այն համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։