ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու մասին քննարկումներից. Սամվել Կարապետյան

14 Հունվարի 2025, 13:52

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներից։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

Գործարարը նշել է, որ գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական այս մարտահրավերների պայմաններում ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, քանի որ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը բաժին է հասնում ԵԱՏՄ երկրներին։

Պատասխանելով ԵԱՏՄ-ի հետ կապերի հնարավոր խզման հետևանքների մասին հարցին՝ Կարապետյանը մատնանշել է մի շարք բացասական հետևանքներ։

Մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում Ռուսաստանը հիմնական ներդրողն է: ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի Ռուսաստանում աշխատուժի համար իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը։

Այսօրվա համաշխարհային տնտեսության մեջ էներգետիկ ռեսուրսները առանցքային դեր են խաղում կայուն զարգացման և կայունության ապահովման գործում: 1990-ականներին էներգետիկ ճգնաժամ ապրած Հայաստանի համար այս հարցը հատկապես արդիական է։ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ավելի բարենպաստ պայմաններ է ապահովում Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման համար, ինչը չափազանց կարևոր է նրա տնտեսության համար։

Գործարարը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան քայլերի հնարավոր հետևանքները, որոնք երկիրը կրկին կարող են տանել ճգնաժամի։

«Այսօր չափազանց կարևոր է կենտրոնանալ երկրի անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով, և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դնել տնտեսական շահերից»,- ընդգծել է նա։

Կարապետյանը նաև հավելել է, որ չնայած Եվրամիության «գրավչությանը», ԵԱՏՄ-ին մասնակցությունը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը չափազանց կարևոր է ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում։14:52