ՌԴ պետական գրադարանի Արևելյան գրականության կենտրոնում տեղի է ունեցել «JAN-e-JAN» ժողովրդական նախագծի համերգը
27 Հունվարի 2024, 12:06
Ռուսաստանի պետական գրադարանի Արևելյան գրականության կենտրոնում տեղի է ունեցել հայկական երաժշտական ժողովրդական «JAN-e-JAN» նախագծի համերգը։
Կիթառահար, կոմպոզիտոր, «Պիկասոյի զավակները» խմբի հիմնադիր Կարեն Հարությունյանի նախագիծը՝ «JAN-e-JAN»-ը, ներկայացնում է բանահյուսական երգերի գործիքավորումներ և հեղինակային երգեր հայերենով, համադրում է հայկական, վրացական, հունական և աֆրիկյան ռիթմերն այնպիսի ժանրերի հետ, ինչպիսիք են պրոգրեսիվ ռոքը և թրիփ-հոփը:
Արևելյան գրականության կենտրոնում «JAN-e-JAN»-ի երաժիշտները հայերենով ներկայացրել են ժողովրդական և հեղինակային ստեղծագործություններ։
Կարեն Հարությունյանը 2009-2020 թվականներին ապրել և աշխատել է Հունգարիայում, իսկ 2015-ին հունգարական «Meszecsinka» խմբի հետ ձայնագրել է «Alomban ebren» ալբոմը, որը նույն թվականին արժանացել է «Fonogram Music Awards»-ի հեղինակավոր մրցանակին՝ տարվա լավագույն հունգարական ֆոլկ/էթնո ալբոմի համար։
Նախագծի վոկալիստը Նելլի Մարդոյանն է։ 15 տարի աշխատել է Մեծ թատրոնի երգչախմբում և հավասարապես տիրապետում է օպերային ակադեմիական վոկալին և էստրադային-ջազային երգեցողությանը։