ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել հայկական վարորդական իրավունքի ճանաչման օրինագծի քննարկումը
24 Հոկտեմբերի 2023, 14:39
Ռուսաստանի Պետդումայում որոշում է կայացվել անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այս մասին հայտնում է ՌԴ Պետդումայի կայքը։
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախաձեռնած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Ինչպես քննարկման ընթացքում նշել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, «փաստորեն, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ, այն դեպքում, երբ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։ Մասնավորապես, սրա հիման վրա մենք որոշում ենք կայացնում Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական իրավունքի օգտագործման թույլտվության մասին»:
«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վերաբերյալ, քանի որ նրանց մոտ ռուսերենն ամրագրված է սահմանադրորեն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումները բոլորովին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը», — հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։
Լիագումար նիստի սկզբում օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: Նրա կարծիքով՝ տվյալ նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
Վյաչեսլավ Վոլոդինը Պետդումայի ոլորտային հանձնաժողովներին հանձնարարել է մշակել հարցը և առաջարկել հետագա քայլեր: