ՌԴ Պետդումայի պատգամավորները կոչ են արել պարզել Սամվել Կարապետյանի քաղաքական գործը

24 Հունվարի 2026, 11:50

Քաղաքականություն

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները հանդես են եկել բարերար և գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության օգտին, որի դեմ Հայաստանում հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել «НТВ» հեռուստաընկերությունը։

«2025 թվականին երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին` բարերարին և մեկենասին ձերբակալել են իշխանության տապալման կոչերի մեղադրանքով։ Առիթ են հանդիսացել Կարապետյանի հրապարակային հայտարարությունները՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների, որոնք ենթարկվում են հալածանքների հանրապետության գործող ղեկավարության կողմից։ Կարապետյանի ձերբակալությունից հետո իշխանությունները նաև սկսել են նրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման գործընթացը՝ հայտարարելով, թե ընկերությունը գործել է բազմաթիվ խախտումներով»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Պետդումայի «Նոր մարդիկ» խմբակցությունում կարծում են, որ Կարապետյանի գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։

«Ամբողջ իրավիճակը, որը զարգանում է Սամվել Կարապետյանի գործի շուրջ, մեծ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում։ Փաստացի մարդուն տանջում են։ Եվ մենք պնդում ենք, որ քննությունը լինի արդար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ գործը կրում է քաղաքական բնույթ»,- նշել է Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավար Վլադիսլավ Դավանկովը։

Նրա խոսքով՝ պատգամավորները հանդես են գալիս Կարապետյանի գործով հնարավորինս արագ և արդար քննության օգտին։ Բացի այդ, խորհրդարանականները մտադիր են Սամվել Կարապետյանի հետապնդման հարցը բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում, որը նախատեսում է այցելել Ռուսաստան։