Ռեալ Սոսյեդադից արձագանքել են ակումբի կողմից Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերին

12 Հունիսի 2023, 01:00

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Լուիս Արկոնադան արձագանքել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին, փոխանցում է ArmSport.am-ը։

«Արդյո՞ք Տիկնիզյանը «Ռեալ Սոսյեդադի» տրանսֆերային կարճ ցուցակում է: Ես այդ մասին ոչինչ չգիտեմ»,- ասել է Արկոնադան Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում։

Այսօր հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում։ Այդ մասին հայտնել է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տիկնիզյանով լրջորեն հետաքրքրված է Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադը»։ Իսպանացիներն արդեն հայ պաշտպանին ընդգրկել են իրենց տրանսֆերային կարճ ցուցակում։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։