Ռելոկանտների սոցիալական ակտիվությունը կարող է քաղաքական ակտիվություն դառնալ. փորձագետ
09 Օգոստոսի 2023, 00:20
Ռելոկանտների քանակն ավելացել է Հայաստանում, և նրանք որոշ ժամանակ հետո ձևավորելու են համայնք:
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց բիզնես-փորձագետ Նարեկ Ալեքսանյանը՝ չբացառելով, որ նրանք Հայաստանում քաղաքական ակտիվություն էլ կարող է ցուցաբերեն։
«Թե երբ իրենք Հայաստանում իրենց ակտիվ կզգան և երբ այստեղ կկարողանան քաղաքական ակտիվություն ցուցաբերել, հստակ չէ», — ասաց փորձագետը եւ հավելեց. «Ընդամենը երկու շաբաթ հետո, երբ իրենք հայտնվեցին Երևանում, կազմակերպեցին շաբաթօրյակ Հրազդանի կիրճում: Դա նշանակում է, որ նրանք սոցիալապես ակտիվ են, բայց թե երբ այդ սոցիալական ակտիվությունը կանցնի քաղաքական ակտիվության, հստակ չէ: Բայց պետք է վստահեցնեմ, որ կանցնի, քանի որ նրանք անտարբեր չեն այն միջավայրի նկատմամբ, որտեղ այդ պահին ապրում են»:
Ալեքսանյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանից բացի, Հայաստան մուտք են գործում նաև այլ երկրներից, օրինակ բարեկամ Հնդկաստանից և որևէ մեկը չի հաշվարկում, թե որքան մարդ է եկել այնտեղից:
«Այդ համայնքը ևս որոշ ժամանակ հետո պահանջներ է ներկայացնելու: Ստացվում է, որ երեք, հինգ կամ յոթ տարի հետո պատկերը փոփոխվելու է Հայաստանում, հարցը լինելու է, թե որքանով է այսուհետև մեր ընտրացիկլների մեջ կարևոր դառնալու հայկական գործոնը, որովհետև պետք է հաշվի առնես այս կամ այն համայնքի գործոնը: Սրա համար պետք է իրավիճակի հստակ վերլուծություն: Եթե հստակ գիտես, թե ուր ես գնում, ապա կարող ես առաջարկել նաև ճանապարհներ: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արտագաղթ չլինի»,- եզրափակեց փորձագետը: