Ռելոկանտներից մինչև հայ արտահանողներ. ով ինչպես է զգալու ռուբլու անկման ազդեցությունը
06 Հուլիսի 2023, 19:25
Վերջին երկու շաբաթներին ռուսական ռուբլու անկումը շարունակվում է: Նյութի հրապարակման պահին դրամի նկատմամբ ռուսական ռուբլու առքի փոխարժեքը հայաստանյան բանկերում 4 դրամ էր, վաճառքինը՝ 4,45 դրամ: 1000 ռուբլին մոտավորապես 4200 դրամ էր կազմում, այն դեպքում, երբ 1-2 տարի առաջ 7000 դրամ էր:
Ռուբլու անկումը խնդիր է ոչ միայն ՌԴ-ում ապրող 2,5 միլիոն հայերի (ըստ ՌԴ-ում հայերի միության տվյալների) ու հայ արտահանողների համար, որոնց արտադրանքի իրացման ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, այլև Հայաստանում ապրող ռելոկանտների: Հայ տնտեսվարողների վրա ռուբլու անկման ազդեցությունը գնահատելու համար Alpha News-ը զրուցել է «Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի» համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ:
Մասնագետը, ռուբլու արժեզրկման արտաքին պատճառներից զատ, ընդգծում է նաև խնդրի ներքին՝ կարգավորվող պատճառը:
«Երկրորդ ամենամեծ խնդիրը ռուբլու առուվաճառքի բավականին մեծ, ուռճացված տարբերությունն է՝ շուրջ 10-ը տոկոս»,- ասում է նա:
Էմիլ Ստեփանյանի խոսքով, դա նույնն է, որ արտարժույթի շուկայում դոլարը գնվի 380 դրամով և վաճառվի 410-ը դրամով: Դոլարի փոխարժեքը, սակայն, ըստ Ստեփանյանի 1-2 կամ առավելագույնը 3 տոկոսային տարբերությամբ իրական արժեքը չի գերազանցում՝ ի տարբերություն ռուբլու:
Ըստ մասնագետի, ռուբլու ցածր կուրսից տուժելու են նրանք, ովքեր իրենց ապրանքները վաճառում են ռուբլով: Հայաստանի արտահանման շուկայի 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, ուստի պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել արտահանողների վնասները մաքսիմալ թեթեւացնելու համար:
ՄԻնչդեռ, ըստ նրա երկրում չկա արտահանման ռազմավարություն, օժանդակության բյուջեն ոչ միայն ցածր է, այլև տարեցտարի, ըստ վիճակագրական տվյալների, նվազում է:
«Եթե մենք հումքը ձեռք ենք բերում դոլարով, իսկ վաճառքն իրականացնում ենք ռուբլով, տուժելու ենք»,- բացատրում է Ստեփանյանը՝ հվելելով, որ ծախսերն ու եկամուտը պետք է նույն արժույթով լինեն: Մասնագետի խոսքով արտահանված հայկական ապրանքը Ռուսաստանում թանկանում է, քանի որ գնագոյացումը, մեծ հաշվով, դրամով է կամ դոլարով:
«Կորուստները շուտ չեն վերեկանգնվելու»,- զգուշացնում է Ստեփանյանը, որի գնահատմամաբ, Ռուսաստան արտահանվող հայկական IT արտադրանքը ևս տուժելու է:
Էմիլ Ստեփանյանը բացատրում է՝ տուժելու են նաև Հայաստանում ապրող և աշխատող այն ռուս ռելոկանտները, որոնք իրենց աշխատավարձը ռուբլով է: Նրանք այդ գումարն են ծախսում Հայաստանում: Իրավիճակից շահող կարող են դուրս գալ միայն պատրաստի արտադրանք ներմուծողները:
«Արտադրող կազմակերպությունները ոչ միշտ են կարողանում անգամ բարձրացնել իրենց արտադրանքի գումարը՝ վնասները կանխելու համար»,- ասում է Ստեփանյանը՝ շարունակելով, որ մեծածախ առևտրային կազմակերպությունները նույնիսկ պայմանագրով ամրագրել են, որ արտահանողը կամ չի կարող բարձրացնել գինը, կամ էլ դա կարող է անել տարին մեկ անգամ: «Կամ դու պետք է ապրանքը դուրս բերես վաճառակետերից, կամ էլ՝ շարունակես վնասով աշխատել, որպեսզի շուկայում չկորցնես քո տեղը»,- եզրափակում Էմիլ Ստեփանյանը:
Նկատենք, որ ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ 13,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել: Որքան էլ իշխանությունը աննախադեպ տնտեսական աճի մասին է խոսում, մասնագետները, սակայն, թերահավատ են:
Արձանագրված ցուցանիշները նրանք իրավիճակային են համարում՝ նկատելով, որ արտաքին դրական ազդակի ՝ ռելոկանտների գործոնի վերացումից հետո պատկերը շատ արագ կարող է փոխվել: