Ռելոկանտները Արևմուտքի ուշադրության կենտրոնում են, ինչը ռիսկային է Հայաստանի համար. Լիլիա Ամիրխանյան
26 Հուլիսի 2023, 18:52
Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները ահազանգ են նաև Հայաստանի համար. Alpha News-ի հետ զրույցում նախազգուշացնում է «ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Փորձագետն անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ռուսական ապրանքների համար տարանցիկ երկիր, կարող է հայտնվել տնտեսական պատժամիջոցների տակ:
Ամիրխանյանն ընդգծել է՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր տեղի է ունեցել լոգիստիկ շղթաների վերադասավորում, Հայաստանը դարձել է ռուսական բեռների համար այլընտրանքային ուղի:
Նշենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է: Միայն ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմում է 51 տոկոս:
«Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ավելի շատ արտահանվում են մեքենասարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ»,- ասել է Ամիրխանյանը և հավելում՝ հենց սա էլ առաջացրել է մեր արևմտյան գործընկերների մտավախությունը:
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների 11-րդ փաթեթն արդեն ուժի մեջ է մտել: Դրանով հատկապես կանխվելու են Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ստվերային մեխանիզմները:
«Իզուր չէ, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը կրում է հենց «պատժամիջոցներ ուղղված 3-րդ երկրներին» անվանումը»,- բացատրել է Ամիրխանյանը:
Նա հիշեցրել է, որ պատժամիջոցները արդեն իսկ սկսել են գործել: Դեռ ապրիլին ԱՄՆ-ի հրապարակած պատժամիջոցների ցուցակում եղել է նաև հայկական կազմակերպության անուն:
«Բոլոր այն ապրանքատեսակները, որոնք կարող են լրացուցիչ եկամուտների հոսք ապահովել դեպի ՌԴ և աշխատել ի նպաստ ռազմաարդյունաբերությանը, գտնվում են թիրախում»,- բացատրել է Ամիրխանյանը:
Փորձագետի խոսքով՝ իրավիճակը միանգամայն կանխատեսելի էր, բայց Հայաստանի կառավարությունը համարժեք քայլեր չձեռնարկեց: Մինչդեռ Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների դեպքում Հայաստանը կարողացավ խուսափել արտաքին ճնշումներից:
«Այս բոլոր գործընթացները հնարավոր էր և դեռ հնարավոր է մեղմել, շտկել, չթողնել, որ սա մասսայական դառնա, եթե պատշաճ աշխատանք տարվի»,- շեշտել է Լիլիա Ամիրխանյանը և ընդգծել, որ արևմտյան գործընկերներին պետք է բացատրել,որ Հայաստանը նպատակ չունի ստվերային գործարքներին մասնակից դառնալու:
«Նրանց պետք է ցույց տալ իրավիճակի օբյեկտիվ պատճառները»,- համոզունք է հայտնել Ամիրխանյանը:
Փորձագետը կասկածանքով է վերաբերել Փաշինյանի այն մտքին, թե կառավարությունը այս հարցով աշխատանք է տարել:
«Կառավարության աշխատանքը առնվազն մեծ արդունավետություն չունի և մեծմասամբ ձախողվել է»,- ասել է Ամիրխանյանը և տեղեկացրել, որ Արևմուտքը պատրաստում է պատժամիջոցների 12-րդ փաթեթը, ըստ որի մյուս երկրների նկատմամբ իր հակառուսական պահանջներն էլ ավելի կխստանան:
Ըստ փորձագետի՝ Հայաստանում գործող ռելոկանտները, որպես բիզնես սուբյեկտ, նույնպես ուշադրության կենտրոնում են, ինչը լրացուցիչ վտանգ է Հայաստանի տնտեսության համար:
«Ինչ-որ փուլից սկսած մենք կարող ենք փաստի առջև կանգնել»,- եզրափակել է Լիլիա Ամիրխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: