ՌՖՄ կարգապահական կոմիտեն կքննարկի Սպերցյանի և Նդոնգի մասնակցությամբ միջադեպը
16 Հոկտեմբերի 2025, 10:25
Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) վերահսկիչ-կարգապահական կոմիտեն հոկտեմբերի 16-ին կքննարկի «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ, ավագ Էդուարդ Սպերցյանի և Գրոզնիի «Ախմատ»-ի պաշտպան Ուսման Նդոնգի մասնակցությամբ միջադեպը։
Ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում։ Կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցի խոսքով՝ հանձնաժողովն արդեն ունի միջադեպի տեխնիկական տեսագրություններն ու երկու կողմերի գրավոր բացատրությունները։
Նիստին հրավիրված են ակումբների ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստները: Նիստի արդյունքներով որոշում կկայացվի՝ կոնֆլիկտի մեկ կամ երկու մասնակիցների նկատմամբ հնարավոր կարգապահական միջոցներ կիրառելու մասին։
Հոկտեմբերի 4-ին «Ախմատ»-ը ՌՊԼ-ի 11-րդ տուրի արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել էր «Կրասնոդար»-ին։ Հանդիպման վերջնամասում Նդոնգը կարմիր քարտ էր ստացել Էդուարդ Սպերցյանին ուսով հարվածելու համար։ Խաղից հետո սենեգալցին «Матч ТВ»-ին հայտարարել էր, որ Սպերցյանն իր հասցեին ռասիստական արտահայտություն է թույլ տվել։
Սպերցյանն էլ «Матч ТВ»-ին ասել էր, որ Նդոնգը վիրավորել է իր մորը, մինչդեռ աֆրիկացու հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն չի եղել։