Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

28 Դեկտեմբերի 2023, 09:25

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

1990 թվականին Ռիգայի Բաստիոննայա բլուրում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Երեք տարի անց՝ 1993-ին, Լատվիայում գրանցվել է Հայ Առաքելական եկեղեցին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 1997 թվականին հայկական սփյուռքի հանգանակություններով, իսկ նախագիծը համաձայնեցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:

Եկեղեցին կառուցվել է հայկական տաճարային ճարտարապետության ավանդույթների և կանոնների համաձայն, նախագծի հեղինակը Հակոբ Բաբախանյանն է:

Ռիգայի հայկական եկեղեցին մտնում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի կազմի մեջ և համարվում է առաջին հայկական եկեղեցին Մերձբալթյան երկրներում և Սկանդինավիայում:

Տաճարի տարածքում կառուցվել է նաև Ղազարոս Աղայանի անվան հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում են հայոց լեզուն և հայ ժողովրդի պատմությունը: Եկեղեցուն կից գործում է նաև երիտասարդական կենտրոն, որտեղ ուսուցանվում են ազգային պարեր և գործում են դրամախմբեր: