Ռոբերտ Աբաջյան (Կյաժ). մեր ժամանակի հերոսը

16 Նոյեմբերի 2025, 23:42

Հայեր

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996թ. նոյեմբերի 16-ին Երևանում: Ռոբերտն ապրել է ընդամենը տասնինը տարի, բայց հասցրել է մի ամբողջ կյանքի հավասար հետք թողնել։ Սովորել է թիվ 147 դպրոցում, այնուհետև Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում, որտեղ ստացել է ատամնատեխնիկի մասնագիտություն, իսկ ավելի ուշ ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ: Արդեն 2014-ին նա զորակոչվել է բանակ՝ պարտադիր ծառայության և շուտով ստացել կրտսեր սերժանտի կոչում:

2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը սկսվել է քառօրյա պատերազմը։ Ադրբեջանական զորքերը ներխուժել են Թալիշ, գլխատել խաղաղ բնակիչներին, գրավել 14 մարտական դիրք և ռմբակոծել գրեթե բոլոր տները։ Առավել թեժ մարտեր են ծավալվել հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հենց այնտեղ՝ Մարտակերտում էլ զոհվել է։

Դիրքում նրա հետ եղել են վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացիրներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը։ Անհավասար մարտը տևել է մի քանի ժամ։ Վաշտի հրամանատարի մահից հետո հենց ոտքից վիրավորված Ռոբերտն է, որ ստանձնել է հրամանատարությունը։ Նա զինվորներին ուղարկել է զինամթերքի, իսկ ինքը շարունակել պաշտպանությունը։ Երբ հակառակորդը ճեղքել է դիրքը, Աբաջյանը ծանր վիրավորված Զոհրաբյանի հետ նահանջել է ապաստարան։ Զոհրաբյանը շուտով զոհվել է արյան կորստից, և Ռոբերտը մենակ է մնացել թշնամու դեմ։

Նույնիսկ միայնակ նա շարունակել է կռվել մինչև վերջին փամփուշտը՝ կապ պահպանելով գումարտակի հրամանատարի հետ և կարևոր տեղեկություններ հաղորդելով։ Կապի վերջին րոպեներին նա հայտնել է, որ ձեռքին միայն նռնակ է մնացել և սպասում է՝ թշնամիները մոտենան, որ իր հետ պայթեցնի նրանց: Երբ հակառակորդը մոտեցել է, Ռոբերտը թաքցրել է նռնակը ափի մեջ, բարձրացրել ձեռքերը՝ ձևացնելով, թե հանձնվում է, և այդ պահին պայթեցրել է իրեն հակառակորդի մի քանի զինվորների հետ միասին:

Այդ քայլը փրկել է թիկունքից մոտեցող հայ մարտիկներին։ Դիրքը հանձնողին հայհոյող նրա խոսքերը դարձել են թևավոր արտահայտություն։

Բացառիկ արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Ռոբերտ Աբաջյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման, Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշանի և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանի: Նա դարձել է այդ կոչումը ստացած 24-րդ և ամենաերիտասարդ զինծառայողը, իսկ առաջինը՝ կրտսեր սերժանտի կոչումով։

Ռոբերտը թաղված է Երևանում՝ «Եռաբլուր» պանթեոնում։ Նրա հայրենի թիվ 147 դպրոցը կրում է նրա անունը: Հայ հասարակության համար նա ոչ միայն զինվոր է, այլ տոկունության, հավատի և անձնազոհության խորհրդանիշ: