Ամերիկացի քաղաքական գործիչ Ռոբերտ Մարդյան․ Նախագահի աթոռից մեկ քայլ հեռու

23 Հոկտեմբերի 2024, 23:28

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 23-ին ամերիկացի ազդեցիկ քաղաքական գործիչ Ռոբերտ Մարդյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1923 թվականին Կալիֆորնիայում՝ հայ ընտանիքում։ Ռոբերտի ծնողները հայկական Ադանայից փախել են Միացյալ Նահանգներ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ Նրա հայրը Ադանայի արիստոկրատներից էր և օգնել է քաղաքի հայ ընտանիքներից շատերին փրկվել կոտորածից:

Դպրոցից հետո Ռոբերտ Մարդյանը ընդունվել է միանգամից երկու համալսարան՝ Կոլումբիայի և Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի համալսարանները, որոնք այդ ժամանակ համարվում էին բավականին հեղինակավոր:

Իրավագիտության աստիճան ստացած՝ նա Լոս Անջելեսում հիմնել է փաստաբանական կոոպերատիվ, իսկ հետո գնացել է ավագ եղբոր հետքերով և անդամակցել Հանրապետական կուսակցությանը։

Մարդյանին շատ էր գրավում քաղաքական գործունեությունը, ուստի արդեն 1962 թվականին նա ստացել է Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Արդեն 4 տարի անց ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը նրան առաջարկել է գլխավորել իր նախընտրական քարոզարշավը։ Բացի Մարդյանից, արշավին մասնակցել են նաև հայտնի հայազգի քաղաքական գործիչ Քենեթ Խաչիկյանը, ինչպես նաև ճառագիր Արամ Բախշյանը:

Ունենալով հայ քաղաքական գործիչների ուժեղ թիմ՝ Նիքսոնը հաղթել է ընտրություններում 1969 թվականին և դարձել Միացյալ Նահանգների նախագահ, իսկ Մարդյանին նշանակել է գլխավոր խորհրդական արտաքին գործերի հարցերով:

Մարդյանն այն ժամանակ արդեն ուներ Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի համբավը։ Այն բանից հետո, երբ Նիքսոնը ստիպված էր հրաժարական տալ, Մարդյանը գլխավորել է Հանրապետական կուսակցությունը: Մեկ տարի անց հանրապետականները որոշել են նրան առաջադրել նախագահական ընտրություններում, սակայն Մարդյանը հրաժարվել է։

«Ռոբերտ Մարդյանը նախագահ լինելուց ընդամենը մի քանի քայլ հեռու էր, կուսակցության գործերին նրա անսահման նվիրվածությունը, քաղաքական խարիզման և փայլուն դիվանագետի բնածին տաղանդը նրան դարձրել են երկրի նշանավոր քաղաքական գործիչներից մեկը», — գրել է քաղաքագետ Ջոնաթան Քեյփը:

80-ականների վերջերին վերջնականապես թողել է քաղաքականությունը և զբաղվել գիտական ու մանկավարժական գործունեությամբ։

Ռոբերտ Մարդյանը մահացել է 2006 թվականին Կալիֆորնիայի Սան-Կլեմենտո քաղաքում։

Հիմա եթերում