Ռոման Բերեզովսկի․ Հոգով հայը
05 Օգոստոսի 2024, 23:40
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Օգոստոսի 5-ին հայտնի ֆուտբոլիստ, ՀՀ ազգային հավաքականի խաղացող Ռոման Բերեզովսկու ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1974 թվականի օգոստոսի 5-ին Երևանում։ Դեռևս 70-ականներին նրա ծնողները տեղափոխվել են Հայաստան՝ մասնակցելու Արփա-Սևան թունելի կառուցման ծրագրին, որից հետո պետությունը նրանց բնակարան է հատկացրել, և ընտանիքը որոշել է հաստատվել Հայաստանում։
Բերեզովսկին 16 տարեկանում սկսել է հանդես գալ «Կոշկագործ» ֆուտբոլային ակումբում։ 1992 թվականի մրցաշրջանում նույն թիմի կազմում հանդես է եկել Հայաստանի անդրանիկ առաջնությունում՝ 9 խաղում բաց թողնելով 12 գնդակ, իսկ առաջնության երկրորդ տուրում տեղափոխվել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբ։
1992 թվականի մրցաշրջանից հետո Ռոման Բերեզովսկին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ սկզբում խաղալով տեղի սիրողական «Զվեզդա» թիմում, այնուհետև «Կոսմոս-Կիրովեց», «Զենիթ», «Սմենա-Սատուրն»,իսկ դրանից հետո մոսկովյան «Տորպեդո», «Դինամո» և «Խիմկի» ակումբներում։
Հայաստանի հավաքականի կազմում Ռոման Բերեզովսկին անցկացրել է 94 հանդիպում։
1997 թվականին Ռոման Բերեզովսկին ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահ և ընդգրկվել լավագույն ֆուտբոլիստների տասնյակում։ Նույն մրցաշրջանում նա ճանաչվել է «Զենիթի» տարվա լավագույն խաղացող։
Ի դեպ, ֆուտբոլիստը 21 անգամ խաղադաշտ է դուրս եկել՝ կրելով Հայաստանի հավաքականի ավագի թևկապը։
Ռոման Անատոլևիչը հիանալի տիրապետում է հայերենին, և Հայաստանն իրեն ավելի հարազատ է, քան շատ այլ երկրներ։