«Россия сегодня»-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իր աշխատակիցներին
01 Հուլիսի 2025, 15:14
«Россия сегодня» մեդիախումբը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց աշխատակիցներին և անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են մեդիախմբի մամուլի ծառայությունից:
«Россия сегодня»-ն խորապես մտահոգված է Բաքվում Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավարների ձերբակալությամբ: Նրանց հետ միասին ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ։
Նրանց մեղադրանք չի առաջադրվել, հյուպատոսական աշխատակիցների մուտքը Ռուսաստանի քաղաքացիների մոտ ապահովված չէ, առկա տեղեկատվության համաձայն՝ խմբագրակազմի ղեկավար Իգոր Կարտավիխի բնակարանում խուզարկություն է կատարվել, առգրավվել է համակարգիչը:
Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն և հանգեցրել են «Sputnik Ադրբեջան»-ի աշխատանքի արգելափակմանը։
Հարկ է նշել, որ Իգոր Կարտավիխի առողջությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Նրան անհրաժեշտ են դեղամիջոցներ, ներառյալ ինսուլինը:
Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը և ազատ արձակել մեր գործընկերներին»,- հայտնել են մամուլի ծառայությունից: