Ռոստովում կբացվի «Հայկական քաղաքը Դոնի Ռոստովում» ցուցահանդեսը

24 Մարտի 2024, 00:00

Մշակույթ

Ապրիլի 9-ին Ռոստովի «Ռուսաստանն իմ պատմությունն է» պատմական զբոսայգում կբացվի «Հայկական քաղաքը Դոնի Ռոստովում» մուլտիմեդիա ցուցահանդեսը։

«Հայկական քաղաքը Դոնի Ռոստովում» ցուցադրությունը պատրաստել է Ռոստովի պատմական զբոսայգին՝ «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի, Հայաստանի ազգային արխիվի, Ռոստովի մարզի պետական արխիվի, Սանկտ Պետերբուրգի պատմության պետական թանգարանի, Արմավիրի երկրագիտական թանգարանի, Իվանովոյի պետական պատմաերկրագիտական թանգարանի և Տագանրոգի պետական գրական և պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի աջակցությամբ։

«Հայկական քաղաքը Դոնի Ռոստովում» ցուցադրությունը Ռուսական կայսրության քաղաքներից մեկի՝ ««Դոնի Նախիջևան»-ի պատմական հիշողությունը պահպանելու և արդիականացնելու միջոց է, որն այժմ Դոնի Ռոստովի շրջաններից մեկն է:

Դոնի Նախիջևան քաղաքը հիմնադրվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-ի 1779 թվականի նոյեմբերի 14-ի հրամանագրով։ Հրամանագրի համաձայն՝ Ղրիմից տեղահանված հայերին հողեր են տրվել Դոն գետի աջ ափին՝ սուրբ Դմիտրի Ռոստովի ամրոցի մոտ։

Կայսրուհին վերաբնակիչներին թույլ է տվել օգտվել Ռուսական կայսրությունում ոչ միայն «բոլոր այն իրավունքներից և առավելություններից, որոնք մեր բոլոր հպատակները վայելում են մեզանից և մեր նախնիներից հին ժամանակներից», այլև նրանց օժտել է լրացուցիչ իրավունքներով և առավելություններով:

Այժմ Դոնի Նախիջևան քաղաքը քարտեզի վրա չկա, 20-րդ դարի սկզբից տեղի է ունենում նրա փաստացի մերձեցումը, իսկ 1929 թվականին՝ նաև իրավաբանական միաձուլումը Դոնի Ռոստովի հետ։

Ցուցահանդեսի վեց թեմատիկ սրահներում ժամանակակից տեխնոլոգիաների և մուլտիմեդիա սարքավորումների օգնությամբ այցելուները կարող են ծանոթանալ քաղաքի պատմությանը, նրա տնտեսական, հասարակական, մշակութային կյանքին, ճարտարապետական զարմանալի ոճին:

Ցուցադրության սրահներից մեկը նվիրված կլինի Նախիջևանի նշանավոր բնակիչներին։ Քաղաքը հայ ժողովրդին և աշխարհին տվել է գրականության, արվեստի, մշակույթի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Ռաֆայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը, Միրել Շահինյանը, Մովսես Աճեմովը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ VI Չորեքչյանը։

Այցելուները կծանոթանան Նախիջևանի բնակիչների ավանդին ոչ միայն իրենց քաղաքի, այլև Դոնի Ռոստովի, ինչպես նաև ամբողջ աշխարհի զարգացման գործում: