Ռուբեն Դիշդիշյանը «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի համար արժանացել է «Սպիտակ փիղ» մրցանակի
27 Մայիսի 2025, 19:45
Ռուսաստանաբնակ հայազգի կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմի համար արժանացել է Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» ազգային մրցանակին։
Այն հաղթել է «Տարվա լավագույն ֆիլմ» և «Տարվա իրադարձություն» անվանակարգերում: Սպիտակ փղի տեսքով ճենապակյա երկու արձանիկ դափնեկրին հանձնել է մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ Նինա Ռոմոդանովսկայան:
«Կինոգետների, կինոքննադատների և կինոլրագրողների ազգային մրցանակի փորձագիտական խորհուրդը որոշել է լավագույն ֆիլմի համար մրցանակը հանձնել Միխայիլ Լոկշինի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմին, որը հայրենական կինոյի լավագույն ստեղծագործությունների շարքին է դասվում։ Ֆիլմն, անշուշտ, դարձավ տարվա իրադարձություն՝ կինոթատրոններ բերելով ավելի քան 5,5 միլիոն մարդու և աջակցելով կինոդիտմանը հետտոնական բարդ ժամանակահատվածում: Մրցանակի փորձագիտական խորհրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս ֆիլմի համար։ Մենք ուրախ ենք Ձեզ հանձնել մեր գեղեցիկ մրցանակները՝ սպիտակ փղերի տեսքով»,-նշել է Ռոմոդանովսկայան։
Դիշդիշյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել երկու շատ արժեքավոր մրցանակների համար։
«Սա անկախ մասնագիտական մրցանակներից մեկն է, որի փորձագետներն օբյեկտիվորեն գնահատում են կինոն։Եվ «Վարպետը և Մարգարիտան» լավագույն ֆիլմ ճանաչելը շատ բան է նշանակում բոլորիս համար, դա իսկական հաջողություն է»,- ասել է Դիշդիշյանը։
«Վարպետը և Մարգարիտան» հաղթել է նաև «Լավագույն սցենար», «Նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն երաժշտություն» և «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգերում: