Ռուբեն Սասունցին՝ Ռուսաստանում. ինչպես է ազգային երգը միավորում Սփյուռքը
24 Փետրվարի 2025, 22:30
Փետրվարի 21-ից 28-ը հյուրախաղերով Ռուսաստանում է գտնվում սիրված երգիչ Ռուբեն Սասունցին՝ «Հայեր դարձեք» համերգային ծրագրով։ Հյուրախաղերի նպատակն է Սփյուռքում տարածել ազգային երգը։
Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Լիպեցկ, Ռամենսկ, Րյազան և Նովոռոսիյսկ քաղաքների հայ հանդիսատեսը ջերմությամբ և կարոտով է ընդունել երգչին։
Alpha News-ը հյուրընկալել է Ռուբեն Սասունցուն և զրուցել ազգային երաժշտության կարևորության, դրա նկատմամբ նոր սերնդի վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապի մասին։
Զրուցել ենք նաև համերգներից և առաջիկա անելիքներց։
«Ազգային երգն իմ սեփականությունը չէ, այն մեր ժողովրդինն է։ Շատ կարևոր է, որպեսզի սիրենք ու գնահատենք մեր ազգային երգն ու պարը, եռագույնն ու զինանշանը։ Եվ չմոռանանք, որ հայ ենք։ Ինձ համար մեծ ուրախություն է, երբ իմ համերգներին տեսնում եմ՝ ինչպես է պարում իմ հանդիսատեսը, հատկապես՝ երեխաները, որնք ինձ հետ հավասար երգում են մեր ազգային երգերը։ Ես շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ կարողանում եմ ազգային երգը ներկայացնել ամբողջ աշխարհով սփռված հայերին»,- մեզ հետ զրույցում նշել է Ռուբեն Սասունցին։
Նա նաև հավելել է, որ վերջին տարիներին ավելանում է ազգային երգի և պարի հանդեպ հետաքրքրվածությունը։
«Ի ուրախություն ինձ՝ արդեն գալիս են այն ժամանակները, որ նոր սերունդը հետաքրքրվում է մեր ազգային երգով ու պարով։ Կարևորը, որ նրանք գիտակցում են, իսկ երբ հնչում է մեր ազգային երգը, նրանք կարող են ձեռք-ձեռքի, ճկույթ-ճկույթի բռնել և պարել մեր ազգային պարերը։ Եթե համեմատենք, ապա այսօր էլ ավելի զգացվում է սերը դեպի ազգային երգն ու պարը։ Դա մենք զգում ենք մեր համերգներից»,- նշել է Ռուբեն Սասունցին: